Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Kings 5

:
Armenian - NEA
1 Ասորիների զորքի հրամանատար Նեեմանը գեղեցկադեմ էր և հարգելի մարդ էր իր տիրոջ առջև, քանի որ նրա միջոցով էր Տերը փրկություն տվել ասորիներին։ Այս մարդը հզոր էր, սակայն բորոտ։
2 Ասորի զինված կողոպտիչները հարձակվել էին և Իսրայելից գերի վերցրել մի փոքրիկ աղջկա, որը մնում էր Նեեմանի կնոջ մոտ։
3 Աղջիկն ասաց իր տիկնոջը. «Երանի թե իմ տերը գնար Աստծու մարգարեի մոտ, որը Սամարիայում է, նա նրան կբուժեր բորոտությունից»։
4 Կինը գնաց և ասաց իր տիրոջը. «Այսպես է խոսում իսրայելացի աղջիկը»։
5 Ասորիների արքան Նեեմանին ասաց. «Գնա՛, ես էլ նամակ կուղարկեմ Իսրայելի արքային»։ Նա գնաց՝ իր ձեռքին ունենալով տասը տաղանդ արծաթ, վեց հազար դահեկան և տասը ձեռք պատմուճան։
6 Նա տարավ Իսրայելի արքային ուղղված նամակը, որտեղ գրված էր. «Երբ քեզ հասնի այս նամակը, գիտցի՛ր, որ քեզ մոտ եմ ուղարկում իմ ծառա Նեեմանին, որպեսզի նրան բուժես բորոտությունից»։
7 Երբ Իսրայելի արքան ընթերցեց նամակը, իր հագուստները պատառոտելով՝ ասաց. «Մի՞թե ես Աստված եմ, որ սպանեմ կամ կենդանացնեմ. ինձ մոտ մարդ է ուղարկել բորոտությունից բուժելու համար։ Իմացե՛ք և տեսե՛ք, որ սա պատրվակ է»։
8 Երբ Աստծու մարդ Եղիսեեն լսեց, որ Իսրայելի արքան իր հագուստներն է պատառոտել, լուր ուղարկեց նրան՝ ասելով. «Ինչո՞ւ ես պատառոտել քո հագուստները, թող Նեեմանն ինձ մոտ գա և իմանա, որ Իսրայելում մարգարե կա»։
9 Նեեմանը եկավ երիվարներով ու մարտակառքերով և կանգնեց Եղիսեեի տան դռանը։
10 Եղիսեեն մարդ ուղարկեց նրա մոտ և ասաց. «Գնա՛ յոթ անգամ լվացվի՛ր Հորդանան գետում, քո մարմինը կբուժվի, և դու կմաքրվես»։
11 Նեեմանը բարկացավ և գնաց՝ ասելով. «Ես էլ կարծում էի, թե գուցե դուրս կգա, կկանգնի ինձ մոտ, Տիրոջ՝ իր Աստծու անունը կտա, իր ձեռքը կդնի հիվանդ տեղի վրա և կբուժի իմ բորոտությունը։
12 Մի՞թե Դամասկոսի Նաբանա և Փարփարա գետերն Իսրայելի բոլոր ջրերից ավելի լավ չեն, ինչո՞ւ չգնամ, չլվացվեմ դրանց մեջ և մաքրվեմ»։ Եվ վերադառնալով՝ գնաց զայրացած։
13 Ծառաները մոտեցան նրան ու ասացին. «Հա՛յր, եթե մարգարեն դժվար բան խնդրեր, չպե՞տք է կատարեիր։ Նա միայն ասաց՝ “Լվացվի՛ր ու կմաքրվես”»։
14 Նեեմանն իջավ ու յոթ անգամ թաթախվեց Հորդանան գետի մեջ, ինչպես Եղիսեեն էր ասել, և նրա մարմինը դարձավ մատղաշ երեխայի մարմնի նման. նա մաքրվեց։
15 Դրանից հետո նա իր ամբողջ բանակով վերադարձավ Եղիսեեի մոտ ու կանգնելով նրա առջև՝ ասաց. «Հիմա համոզվեցի, որ չկա Աստված ամբողջ աշխարհում, այլ միայն՝ Իսրայելում։ Արդ, ընծա՛ ընդունիր քո ծառայից»։
16 Եղիսեեն ասաց. «Կենդանի է Տերը, որին ես ծառայում եմ, ոչինչ չեմ ընդունի»։ Նա ստիպեց վերցնել, սակայն Եղիսեեն չհամաձայնվեց։
17 Նեեմանն ասաց. «Քանի որ մերժում ես, թող քո ծառային երկու ջորու բեռ հող տան այս երկրից, որպեսզի քո ծառան այլևս օտար աստվածներին ողջակեզ և զոհ չմատուցի, այլ միայն Տիրոջը։
18 Տերը թող ների քո ծառային հետևյալի համար. երբ իմ տեր արքան մտնի Ռեմանի տունը՝ նրան երկրպագելու, ես էլ ստիպված նրա հետ պիտի երկրպագեմ Ռեմանին, քանի որ արքան հենված է լինում իմ ձեռքին։ Թող Տերը ների քո ծառային այս բանի համար»։
19 Եղիսեեն ասաց Նեեմանին. «Գնա՛ խաղաղությամբ»։ Եվ նա գնաց նրա մոտից, Իսրայելի երկրից։
20 Սպասավոր Գեեզին ասաց Եղիսեեին. «Իմ տերը հրաժարվեց վերցնել ասորի Նեեմանի բերած նվերները։ Կենդանի է Տերը. ես նրա հետևից կվազեմ ու մի բան կվերցնեմ»։
21 Գեեզին վազեց Նեեմանի հետևից, և երբ Նեեմանը տեսավ, որ նա իր հետևից է գալիս, մարտակառքից իջավ և նրան ընդառաջ գնալով՝
22 ասաց. «Բարի՞ գործով է»։ Գեեզին ասաց. «Բարի գործով է։ Իմ տերն ինձ քեզ մոտ ուղարկեց՝ ասելով. “Ահա Եփրեմի լեռից ինձ մոտ եկան երկու երիտասարդ մարգարեներ։ Նրանց համար տո՛ւր մի տաղանդ արծաթ և երկու ձեռք պատմուճան”»։
23 Նեեմանն ասաց. «Եթե այդպես է, ա՛ռ երեք տաղանդ արծաթ»։ Նեեմանն ստիպեց և երկու պարկի մեջ երեք տաղանդ արծաթ ու երկու ձեռք պատմուճան դնելով՝ տվեց իր երկու ծառաներին, որ տանեն նրա առջևից։
24 Երբ մի մութ տեղ հասան, նա բեռն առավ նրանց ձեռքից ու տան մեջ դրեց, իսկ այդ մարդկանց ճանապարհ դրեց։ Նրանք վերադարձան։
25 Գեեզին եկավ կանգնեց իր տիրոջ առջև։ Եղիսեեն հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս, Գեեզի՛»։ Գեեզին ասաց. «Քո ծառան ոչ մի տեղ չէր գնացել»։
26 Եղիսեեն նրան ասաց. «Մի՞թե իմ սիրտը քեզ հետ չէր, երբ այդ մարդն իր մարտակառքից իջավ քեզ դիմավորելու։ Արդարև, արծաթ ու հագուստներ վերցրիր՝ ձիթենիներ ու այգիներ, արջառ ու ոչխար գնելու և ծառաներ ու աղախիններ ունենալու համար։
27 Թող Նեեմանի բորոտությունը քեզ ու քո սերնդին կպչի հավիտյան»։ Եվ Գեեզին դուրս եկավ նրա մոտից ձյան նման սպիտակած բորոտ մարմնով։